Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հարցը՝ Թրամփի վրա կրակողին ինչպե՞ս է հաջողվել հանրահավաքի հարևանությամբ անարգել պառկել շենքի տանիքին, դեռ մնում է անպատասխան

Հարցը՝ Թրամփի վրա կրակողին ինչպե՞ս է հաջողվել հանրահավաքի հարևանությամբ անարգել պառկել շենքի տանիքին, դեռ մնում է անպատասխան
15.07.2024 | 14:14

Դոնալդ Թրամփի շաբաթ օրվա նախընտրական հանրահավաքը մտավ ԱՄՆ- ի պատմության մեջ

Շաբաթ երեկոյան Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ դիպուկահարը փորձել է գնդակահարել Դոնալդ Թրամփին: Սպիտակ տան նախկին ղեկավարն ու 2024 թ. նոյեմբերի 4-ի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածուն զուտ բարեբախտությամբ ողջ է մնացել, ընդամենը վնասվածք է ստացել աջ ականջի շրջանում։ Հանրահավաքին ներկա նախագահի կողմնակիցներից առնվազն մեկը սպանվել է, երկուսը վնասվածքներ են ստացել, որոնցից մեկինը՝ ծանր:

Տեղական ժամանակով ժամը 6-ին Դոնալդ Թրամփը մասնակցել է հերթական հանրահավաքին։ Այն անցկացվել է Պիտսբուրգ քաղաքի արվարձան Բեթել-Պարկում, որը գտնվում է Փենսիլվանիայում՝ այն սակավաթիվ նահանգներից մեկում, որտեղ նոյեմբերին պետք է որոշվի ամբողջ ընտրարշավի ելքը։ Միջոցառումը վերջին պոկումն էր Միլուոկիում կայանալիք հանրապետական համագումարից առաջ, որտեղ սպասվում է Դոնալդ Թրամփի պաշտոնական առաջադրումն իր կուսակցությունից, ինչպես նաև Թրամփի կողմից հայտարարվելու է, թե ում է ընտրել որպես փոխնախագահի թեկնածու:

Սկզբում հանրահավաքը շատ չի տարբերվել նախորդներից, սակայն կարճ ժամանակ անց նրան վիճակված էր մտնել ԱՄՆ պատմության մեջ: Թրամփը նոր է սկսել իր ելույթը և ակտիվորեն ժեստիկուլյացիաներ է արել՝ շրջվելով տարբեր ուղղություններով և ձեռքերը թափահարելով, ինչն էլ, հավանաբար, փրկել է նրա կյանքը, քանի որ արագ, կտրուկ շարժումների շնորհիվ, գնդակը դիպել է ոչ թե գլխին, այլ աջ ականջի վերին մասին՝ անցնելով քունքից ընդամենը մի քանի միլիմետր հեռավորությամբ:

Հրաձգությունը սկսվել է այն ժամանակ, երբ թեկնածուն աջ թեքվելով, սկսել է խոսել է մրցակից Ջո Բայդենի և իր սիրելի թեմայի շուրջ՝ հարավային սահմանի ապօրինի հատումներով ներգաղթյալների ռեկորդային քանակի մասին։ Բայց հետո հանկարծ կրակոցի ձայնն ընդհատել է քաղաքական գործչի խոսքը։ Նախկին նախագահը, կարծես չհավատալով կատարվածին, աջ ձեռքը մոտեցրել է ականջին և ընկել գետնին։ Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք հսկել են նախագահի թեկնածուին և պետության նախկին ղեկավարներին, անմիջապես նրան ծածկել են իրենց մարմիններով։

Միաժամանակ ներկաների շրջանում ճիչեր են լսվել, որոնք ցույց են տվել, որ հանրահավաքի մասնակիցների մեջ ինչ-որ մեկը վիրավորվել է: Ավելի ուշ պարզվել է, որ նախագահի կողմնակիցներից մեկը սպանվել է, իսկ երկուսը վիրավորվել:

Ինքը ՝ Դոնալդ Թրամփը, ողջ է մնացել, բայց ստիպված է եղել որոշ ժամանակ գտնվել գետնին, մինչ հատուկ ծառայությունները վերացրել են սպառնալիքը՝ դիպուկահարին: Միայն այն բանից հետո, երբ հրաձիգը ոչնչացվել է, անվտանգության աշխատակիցները, նախագահին օղակի մեջ վերցնելով, նրան դուրս են բերել բեմի վրայից: Դոնալդ Թրամփը կարճ ժամանակով կանգ է առել, ուղեկցողներին խնդրել է մի վայրկյան սպասել, բարձրացրել ձեռքը սեղմված բռունցքով և ասել՝ «մարտնչել, մարտնչել, մարտնչել» (fight, fight, fight՝ անգլ.):

Շնչները պահած հանրահավաքին ներկաները հասկանալով, որ Թրամփը ողջ է մնացել, արտաշնչել են և պայթել ուրախության ճիչերով: Նախկին նախագահը հեռացել է «ԱՄՆ. ԱՄՆ» ճիչերի ներքո: Ծառայողական մեքենա մտնելուց առաջ, նա ևս մեկ անգամ ձեռքը վեր է բարձրացրել՝ խոստանալով շարունակել պայքարը։

Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողին հասցրել են նկատել տեղի բնակիչները։ Նրանք հատուկ ծառայություններին նախազգուշացրել են տանիքում համազգեստով կասկածելի մարդու մասին, սակայն վերջիններս չեն հասցրել կամ չեն կանխել մահափորձը։ Դրանից հետո համացանցում սկսել են պտտվել դիպուկահարների կողմից սպանված հրաձգի դիակի տեսագրությունները։ Հաղորդվում է նաև, որ սպանվածի կողքին հայտնաբերվել է AR-15 կիսաավտոմատ գրոհային հրացան:

«ՀԴԲ-ն Փենսիլվանիա նահանգի Բեթել-Պարկից 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսին նույնականացրել է որպես նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մասնակից սուբյեկտ»,- նշված Է ՀԴԲ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել Է CNN- ը:

Այն հարցը, թե հարձակվողին ինչպես է հաջողվել նախընտրական հանրահավաքի հարևանությամբ անարգել պառկել արտադրական շենքի կամ սրահի տանիքին, մեկ անգամ չէ, որ բարձրացվելու է հետաքննության ընթացքում, որը ստանձնել է ՀԴԲ-ն:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, կատարվածից հետո գնացել է տեղի հիվանդանոց։ Երբ մոտ 2 ժամ անց բժիշկները համոզվել են, որ քաղաքական գործչի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նա անմիջապես հայտնվել է տեղեկատվական տիրույթում։

«Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, լսեցի սուլոցներ, կրակոցներ և անմիջապես զգացի, թե ինչպես է գնդակը պատռում մաշկը։ ՈՒժեղ արյունահոսություն եղավ, այնպես որ, ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ է կատարվում»,- «Truth Social» սոցցանցի էջում իր տպավորություններով կիսվել է նախկին նախագահը, որն իր գրառումն ավարտել է «Աստված, պահապանիր Ամերիկան» արտահայտությամբ:

Ավելի ուշ Հանրապետական կուսակցության կոմիտեն հայտնել է, որ չնայած տեղի ունեցածին, Դոնալդ Թրամփը մտադիր չէ փոխել հանրապետականների համագումարին մասնակցելու իր ծրագրերը, որտեղ նա պաշտոնապես կդառնա այդ կուսակցության նախագահի թեկնածուն:

ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահների և նախագահի թեկնածուների դեմ մի քանի մահափորձեր են եղել։ Դրանք բոլորը տեղի են ունեցել բավականին վաղուց։ Չորս մահափորձ՝ Աբրահամ Լինքոլնի (1865), Ջեյմս Գարֆիլդի (1881), ՈՒիլյամ Մաքքինլիի (1901) և Ջոն Քենեդիի (1963) դեմ, ավարտվել են նախագահների մահվամբ։ 1981թ. մահափորձ է կատարվել Ռոնալդ Ռեյգանի դեմ, նրան հաջողվել է փրկել ժամանակին կատարված վիրահատության շնորհիվ։ Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներին, ապա 1968 թ. մահափորձի արդյունքում մահացել է այն ժամանակ նախագահի թեկնածու առաջադրված Ռոբերտ Քենեդին՝ 2024 թ. ընտրություններում նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի հայրը։

Ինչպես CNN- ին հղում կատարելով, տեղեկացրել է «Коммерсантъ» –ը, «Թրամփի վրա կրակողը հանրապետական էր, բայց գումար էր նվիրաբերում դեմոկրատներին»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ